«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ, ԻՀԱՐԿԵ, ԿԾԱԾԱՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ` ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳԼԽԻՆ»

«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑ, ԻՀԱՐԿԵ, ԿԾԱԾԱՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ` ԱՆԿԱԽ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԳԼԽԻՆ»
25.06.2010 | 00:00

Մեր հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
«ԽՈՐԱՊԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՄԵՋ Է»
-Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային այս փուլն ինչպե՞ս եք գնահատում: Կա՞, արդյոք, վերաիմաստավորման խնդիր, ինչպես ՀՀ նախագահն ասաց:
-Վերաիմաստավորման խնդիր ունենք բոլորս, գործող նախագահը` առավել ևս: Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանը վերաիմաստավորելու խնդիր ուներ դեռևս 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո, 2003-ի նախագահական ընտրություններից հետո, 2008-ին իր թեկնածությունը դնելիս, փետրվարի 26-ին, երբ իր հանրահավաքից մարդիկ Ազատության հրապարակ եկան, առավել ևս` վերաիմաստավորման խնդիր ուներ մարտի 1-ից հետո: Ես ուրախ եմ, որ վերջապես գոնե Ղարաբաղի հարցում վերաիմաստավորման խնդիրը գիտակցվեց:
-Չայլուի զինված բախումը հետբանակցայի՞ն արձագանք էր:
-Դա հասկանալու համար համադրեք ժամանակագրությունը. ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի բանաձևերն ու հայտարարությունները, Եվրախորհրդարանի հայտարարությունը, որը, փաստորեն, հայկական կողմին ագրեսոր էր համարում և օկուպացրած տարածքները վերադարձնելու կոչ էր անում: Տեսականորեն աշխարհն ընդունել է, որ հայերն ագրեսորորեն տարածքներ են զավթել, և կոչ է անում օր առաջ դուրս գալ այդ տարածքներից: Նման բանաձևերը կասեցնելու փոխարեն հայ դիվանագիտությունը տևական ժամանակ զբաղված էր «հաղթողական քաղաքականությամբ»:
-Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կայացման ենթատեքստում կար Ղարաբաղի հարցով ճնշումները թուլացնելու ձգտում:
-Եթե նույնիսկ այդպես է, ժամանակն է հասկանալու, որ դա բևեռացրեց ճնշումները: Այսօր քրիստոնյա ու իսլամական աշխարհը տարբեր մակարդակների փաստաթղթերով իր աջակցությունն արձանագրել է` ազատ արձակելով Ադրբեջանի ձեռքերը: Լուրջ հետևությունների ժամանակն է, իմիտացիաները պետք է տեղը զիջեն վերաիմաստավորմանն ու Ղարաբաղի հարցով լրջորեն զբաղվելուն:
-Խնդիրը ստատուս քվոյի պահպանո՞ւմն է:
-Գուցե ստատուս քվոն Ադրբեջանին բավարարում է, որովհետև ժողովրդագրական խնդիրներ չունի` բազմանալն իրենց համար բնավորության գիծ է, իսկ մենք ունենք: Եթե Հայաստանը շարունակի այս տեմպերով դատարկվել, պարզ թվաբանությամբ կարող ենք ասել` վերջին մարդը Զվարթնոցի լույսերը երբ է մարում: Կան նաև տնտեսական ու սոցիալական զարգացման անհամամասնություններ, միջազգային ֆինանսատնտեսական ծրագրերում ընդգրկվածության խնդիրներ:
-Չայլուի զինված բախումն ադրբեջանական մամուլը փորձեց ներկայացնել որպես հայերի հարձակում: Գուցե սխալվում եմ, բայց չեմ հիշում, որ բանակցություններին հաջորդած օրը կողմերից մեկը զենքի դիմի: Ի՞նչ էին ուզում ադրբեջանցիներն ասել աշխարհին:
-Որ Չայլուի դեպքը նախադեպ չունի, միանշանակ է: Աննախադեպ էր և կազմակերպվածությունն ու նենգությունը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը պատժվելուց կամ քաղաքական հետևանքներից չի վախենում, որովհետև իրեն ապահովագրել է:
-Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ հայկական կողմի կարծիքով է միայն հակամարտությունը սառեցված: Տրամաբանություն կա՞ այդ պնդման մեջ:
-Հայկական կողմն էլ բազմիցս հայտարարել է, որ պատերազմն ավարտված չէ: Այդ տեսակետից երկու կողմերն էլ օգտվում են: Ես խորապես համոզված եմ, որ Ղարաբաղի հարցի լուծումը փոխզիջումային տարբերակի մեջ է, որին կարող են դիմել միայն ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահները, որովհետև միայն իր ընտրած իշխանության տված լուծումներին ժողովուրդը կվստահի և թույլ կտա նրանց պաշտոնավարել: Հայաստանի ու Ադրբեջանի գործող նախագահները, նախ, իրենց իշխանությունը պահելու խնդիր ունեն, հետո հանրային հարցերով զբաղվելու: ՈՒստի երկուսն էլ գերադասելու են ստատուս քվոն պահպանելը, հակառակ դեպքում` պատերազմով խնդիրը լուծելը:
-Մամուլում շրջանառվող տեսակետներից է, որ հիմա, առավել քան երբևէ, մեծ է պատերազմի հավանականությունը, նաև` որ պատերազմի հեռանկարը քարոզչական նպատակ ունի: Ո՞ր տեսակետն եք ռեալ համարում:
-Տարածաշրջանի վերջին իրադարձություններից հետո` աբխազական, օսական, թուրք-իսրայելյան, պատերազմի հավանականությունը քիչ եմ համարում: Կտրուկ գործողությունների Ադրբեջանը չի գնա: Հայաստանին պատերազմ պետք չէ: Իհարկե, այս վիճակը Սերժ Սարգսյանը ժառանգություն է ստացել, բայց ժառանգության հետ էլ պետք է խելացի վարվել: Երբ 1999-ին Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ, առաջին քայլը ժողովրդին երկրի վիճակը ներկայացնելն էր, նա չթաքցրեց տնտեսական ճեղքվածը, չթաքցրեց, որ գոտիներս պետք է ձգենք, որ կարողանանք որպես երկիր ինքներս մեզ պահել: Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտությունից դուրս պիտի անկեղծ խոսեր հասարակության հետ Ղարաբաղի հարցով, եթե ուզում էր այդ խնդրում առաջացած մարտահրավերներին, ներառյալ պատերազմի վտանգը, դիմագրավել ուժեղ, բայց դա չարեց: Ընդհակառակը, խորացրեց հայ-թուրքական իմիտացիոն հարաբերությունների դաշտը` նաև պառակտելով հասարակությունը: Տրամաբանությունը մեկն էր` տարածաշրջանի ամենաառաջադեմ նախագահն եմ, 100 տարվա թշնամության խնդիրներ կարող եմ լուծել, պատրաստ եմ տարածքներ զիջելու, որովհետև ապագայի մարդ եմ, իսկ ընդդիմությունը, իմ շրջապատի մարդիկ ապակառուցողական են, 19-րդ դարի վերջի, շատ-շատ 20-րդ դարի սկզբի մտածողություն ունեն... Աջակցեք ինձ, և ես Հայաստանը կտանեմ ճիշտ ճանապարհով: Այսօր ճիշտն ասելու դեպքում լուրջ պրոբլեմներ է ունենալու երկրի ներսում, չասելն էլ երկար շարունակել չի կարող: Խնդրի լուծումն օր օրի առավել ռեալ է դառնում: Եվ շատ ավելի արագ, քան բոլորս մտածում ենք:
-Հակամարտության պատմությունը վկայում է, որ առանց գերտերությունների դաբրոյի հարցերը չեն լուծվում: ԱՄՆ-ն այսօր այլ խնդիրներով է զբաղված, Ռուսաստանը չի կողմնորոշվում` քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական շահերով առաջնորդվել... Այս պարագայում ավելի հավանական չէ՞ ստատուս քվոյի մեխանիկական երկարաձգումը:
-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին մեկ-երկու ամսում հարյուր տարբերակով հայտարարել է, որ կան մադրիդյան սկզբունքներ, որոնց իրենք «այո» են ասել, հայերը` ոչ, և որևէ պարագայում բանակցությունները չի շարունակի, քանի դեռ պատասխան չի ստացել, որպեսզի քննարկումները չդառնան ինքնանպատակ: Հետո Ալիևը գնում է Սանկտ Պետերբուրգ հանդիպման: Ինչո՞ւ: Որովհետև կա խնդրի լուծման շահագրգռություն: Ռուսաստանի խնդիրները և՛ տնտեսական են, և՛ աշխարհաքաղաքական, և՛ քաղաքական, և՛ տարածաշրջանային: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ձգտում էր Շահդենիզից շահաբաժին ունենալ, բայց ստորագրվեց ադրբեջանա-թուրքական պայմանագիր Շահդենիզի գազի համատեղ օգտագործման մասին, որին միանգամից արձագանքեց Ռուսաստանը վարչապետի դեմքով: Ակնհայտ է, որ Ալիևը որպես գործընկեր Ռուսաստանի համար վստահելի չէ: Բայց Ռուսաստանը նույնչափ անվստահելի է համարում Սերժ Սարգսյանին` բազում նախադրյալներից ելնելով. հայ-թուրքական համատեքստում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումների, որին ռուսները ցանկացած երկրի պարագայում հատուկ խանդով են վերաբերվում, Բրյուսելում ու ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ու հայտարարությունների: ԱՄՆ-ը ներկա փուլում խնդրի լուծումը թողել է տարածաշրջանի գերտերություններին` Ռուսաստանին ու Թուրքիային: Եթե մինչև աշուն նրանք չկարողանան հարցը լուծել, աշնանն ամերիկյան գործոնը շատ արագ մեծանալու է, և համակարգված լուծումներ են լինելու տարածաշրջանում: Այդ պատճառով էլ ռուսական կողմն ուզում է խնդիրը լուծել մինչև աշուն, և վրա-վրա հանդիպումներ են կազմակերպվում:
-Այսինքն` ԱՄՆ-ի պետքարտուղարը, եթե, իհարկե, գա, գալիս է տարածաշրջան համակարգային լուծումների նախապատրաստմա՞ն համար:
-ԱՄՆ-ը լուրջ պրոբլեմներ ունի Իրաք-Աֆղանստան գծում, որոնց լուծման համար մեր տարածաշրջանը հենակետային կարևոր նշանակություն ունի, ավելացրեք տնտեսական ծրագրերը, որոնք մի քանի տասնյակ միլիարդներ են հաշվվում, նման թափանիվները գործադրվելուց հետո այլևս չեն կանգնում: Նկատի առեք, որ գազատարները մատակարարելու են Եվրոպային, այսինքն` ԱՄՆ-ի ազդեցությունը մեծանալու է Հին աշխարհում: Հանուն այդ ամենի նրանք փորձելու են ամենաարագ լուծումը տալ կոնֆլիկտին: Դա, իհարկե, չի նշանակում հարցի ամբողջական լուծում, բայց որպես փուլային լուծման առաջին քայլ կսկսեն գործել տնտեսական կապերը, կբացվեն ճանապարհները` նախնական շրջանում որոշակի վերահսկողությամբ, հետո ճիշտ տրանզիտային հունի մեջ կընկնեն:
-Առաջին փուլում տեղավորվում են հայ-թուրքական հարաբերություննե՞րն էլ:
-Սահմանի բացման առումով` այո: Զարմանալի չե՞ք համարում, որ ռուսական լրատվամիջոցները պետերբուրգյան հանդիպումից հետո առաջընթաց արձանագրեցին: Ռուսական կողմը դեռ Սոչիի հանդիպման ժամանակ առաջարկում էր կողմերին ներածական փաստաթուղթ ստորագրել` ամրագրելով այն, ինչին նախագահները համաձայնել են, հետոյին թողնելով այն, ինչին համաձայն չեն: Դա աղետ կլիներ հայկական կողմի համար, որովհետև նշանակում է` սկսում ես զիջել գրավյալ տարածքները` չունենալով ոչ մի երաշխիք, որովհետև համաձայնություն այդ հարցերում չկա: Պարզվելու է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, էլի ու էլի հայրենիքներ պիտի կորցնենք` մինչև հասնենք կարգավիճակին: Ես բացառում եմ որևէ տարբերակ, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրվի ու Իլհամ Ալիևը դա ստորագրի: Եթե մադրիդյան նորացված սկզբունքները նույնիսկ բանավոր քննարկվել են, նշանակում է` Հայաստանի իշխանությունները համաձայնել են Ղարաբաղի բարձր ինքնավարության գաղափարին Ադրբեջանի կազմում: Միայն այդ դեպքում Ադրբեջանը կարող էր ասել` մենք կողմ ենք, եռանախագահողները կողմ են, հայերը դեմ են: Ադրբեջանը դրսում էլ, ներսում էլ նույնն է ասում, իսկ Հայաստանը բանակցությունների ժամանակ ու արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում համաձայնում է տարածքներ զիջելուն, բայց ներսում երդվում է` ոչ մի թիզ հող թշնամուն... Այդպես երկար շարունակվել չի կարող, անխուսափելիորեն գալու է առերեսման ժամը:
-Էդվարդ Նալբանդյանն ասում էր` ինչի՞ն է համաձայն Ալիևը, եթե անվերջ հայտարարում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը չպիտի խախտվի: Մեզ համար էլ ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Գործնականում լուծում չկա:
-Գործնականում լուծում կա. այո, Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: 1988-89 թթ. ես և հազարավոր մարդիկ փողոց դուրս եկանք Արցախի ժողովրդի անկախության համար: Եթե այսօր-վաղը Ղարաբաղն այդ անկախությունը ձեռք բերի, ես կհամարեմ, որ մենք հաղթել ենք:
-Ղարաբաղը կկարողանա՞ իր անկախությունը պահել:
-Բարեբախտաբար, աշխարհում ազդեցություն ունեցող պետություններին և ՄԽ անդամ պետություններին իրենց սեփական շահերը սպասարկելու համար ձեռնտու չէ տարածաշրջանում պարտված երկիր ունենալ: Փոխզիջում ասելով` նրանք հասկանում են Ղարաբաղին անկախություն տալը նաև: Ղարաբաղը Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության մակարդակով տեսնելու հնարավորությունն այդ երկրներից մի քանիսը փոխզիջում չեն համարում, սա է հիմնական գրավականը, որ այսքան անորակ արտաքին քաղաքականությամբ մենք դեռ լիովին տանուլ չենք տվել խնդիրը: Ղարաբաղում ինչ-որ ժամանակ անց, իհարկե, կծածանվի ադրբեջանական դրոշը` անկախ Ղարաբաղում Ադրբեջանի դեսպանատան գլխին:
«ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԳԼՈԲԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ Ո՛Չ ԻՇԽԱՆԱԿԱՆ, Ո՛Չ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆԵՂ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ»
-ՀՀՇ նախագահի ու փոխնախագահի հրաժարականները ինչո՞վ էին պայմանավորված: Ե՛վ Քոքոբելյանը, և՛ Զուրաբյանը փակագծերը չբացեցին, միայն արձանագրվում է, որ ՀՀՇ-ն եղել ու մնում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին:
-Դրանք նեղ կուսակցական խնդիրներ են, որոնք, իմ կարծիքով, հասարակությանը չպիտի առանձնապես հետաքրքրեն: Համենայն դեպս, ինձ չեն հետաքրքրում: ՀՀՇ-ում կան քաղաքական լուրջ փորձություններ անցած, խելամիտ ու փորձառու գործիչներ, և կուսակցությունն իր ներսում եղած խնդիրները հաստատ կլուծի: Որ ՀՀՇ-ի ներսում տեղի ունեցողը որևէ ազդեցություն չի ունենալու ՀԱԿ-ի գործունեության վրա, ես համոզված եմ: Հայաստանին առնչվող գլոբալ խնդիրները որևէ կապ չունեն ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր նեղ կուսակցական խնդիրների հետ: Հասարակությունը 99-ի հոկտեմբերի 27-ից հետո իրեն վիրավորված ու անպաշտպան է զգում, ամեն մի նախագահական ընտրությունից հետո հասարակությունն իրեն արհամարհված է զգում, հասարակությունն իրեն լքված է զգում տնտեսական խնդիրներում, արդարադատության ու դատաիրավական խնդիրներում... Այդ ամենը կուտակվում է, ու հասարակությունը համապատասխան իրավիճակում փոխհատուցելու է: Նշանակություն չունի` այդ պահին ո՞վ է առաջնորդելու` ժողովուրդը փողոց է դուրս գալու: Այս պահին առաջնորդողը լինելու է ՀԱԿ-ը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ես համոզված եմ, որ այդ խնդիրն առաջանալու է Ղարաբաղի հիմնահարցով և ոչ շատ հեռու ապագայում: Բոլոր մյուս հարցերը` ներկուսակցական, միջկուսակցական, միջանձնային, քսաներորդական են, ոչ մի ռեալ նշանակություն կամ ազդեցություն չունեն:
«ՄԻ՞ԹԵ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀՄԱՅԻՉ ՉԷ»
-Ո՞վ է դառնալու ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
-Ես Գերմանիայի հավաքականի երկրպագուն եմ: ՈՒժեղ, նպատակասլաց, ճիշտ ֆուտբոլ են խաղում: ՈՒրախ կլինեմ, եթե Գերմանիան էլ չեմպիոն դառնա:
-Իսկ խաղի գեղեցկությո՞ւնը, հմա՞յքը:
-Մի՞թե հաղթանակը հմայիչ չէ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ